Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի «Ազատան» ներկայացուցչության պաշտոնական վերաբացման արարողությունը, որի նպատակն էր նորովի ներկայացնել Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները Շիրակի մարզում։
Միջոցառմանը ներկա են գտնվել Ընկերության և «ՔԱՐԴ» խմբի աշխատակիցները, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և տեղացի հյուրեր։
Վերաբացման արարողության ժամանակ Ընկերության խորհրդի նախագահ Գագիկ Սարդարյանը և գործադիր տնօրեն Մխիթար Ազատյանը հանդես եկան ողջույնի խոսքով։ Վերջինս ներկայացրեց կազմակերպության կողմից առաջարկվող ծառայությունները։
«Մեր նպատակն է այս կենտրոնի միջոցով ապահովել մեր ներկայությունը Շիրակի, այնուհետև՝ Լոռու մարզերում», - նշեց Մխիթար Ազատյանը։
«Ազատան» ներկայացուցչության ղեկավար Եղիշե Նիկոլյանը նշեց, որ Ընկերության կողմից առաջարկվող լիզինգային ծառայությունների միջոցով կազմակերպությունը զբաղվում է գյուղտեխնիկայի և անասնակերերի վաճառքով, որն իր կարծիքով կբերի գյուղատնտեսության արդիականացման։
Ընկերության ռեգիոնալ ղեկավար Գեղամ Մանուկյանը հավելեց, որ կազմակերպության վարկատեսակների տոկոսադրույքներըը մրցակցային են, քանի որ կան գյուղատնտեսական ոլորտներ, որոնց շահութաբերությունը ավելի ցածր է, իսկ այսպիսի տոկոսադրույքերով հաճախորդները հեշտ կսպասարկեն իրենց վարկերը։
Միջոցառմանը ներկա հյուրերը, գործարարները ողջունեցին այն փաստը, որ ներկայացուցչությունը գտնվում է գյուղացուն մոտ, ինչը հնարավորություն կընձեռնի ծանոթանալ գյուղացու խնդիրներին և ճիշտ պրոդուկտներ մատուցել։
«Շատ կարևոր է, որ նոր կազմակերպությունը բացվում է ոչ թե մայրաքաղաքում կամ մեկ այլ խոշոր քաղաքում, այլ գյուղում»,- նշեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։
Հյուրերը շնորհավորեցին ներկայացուցչությանը վերաբացման առթիվ՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունը կնպաստի բնակչության բարեկեցության բարձրացմանը և ձեռնարկատիրության զարգացմանը բնակավայրում ու հարակից շրջաններում։