2012 թ.-ի մայիսի 5-19 ընկած ժամանակահատվածում, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սևակ Մանուկյանը, գործադիր տնօրենի տեղակալ/վարկային բաժնի տնօրեն Կարեն Պետրոսյանը, միկրոֆինանսավորման բաժնի մենեջեր Ռուզաննա Հարությունյանը, ինչպես նաև վարկային մասնագետներ Մանուկ Պետրոսյանը, Էդգար Սիսակյանը և Արթուր Միրզոյանը այցելել են ԱՄՆ և մասնակցել իր բարձրագույն գյուղատնտեսական կրթությամբ ԱՄՆ-ի 10 լավագույն համալսարաններից մեկը համարվող Այովայի պետական համալսարանի (ԱՊՀ) կողմից կազմակերպված դասընթացին:
Այովայի պետական համալսարանի հետ համագործակցությունը և վերջինիս կողմից տրամադրված տեխնիկական աջակցությունը հայ պարտատերերին և պարտատուներին ունի երկարատև պատմություն, որը սկսվել է դեռևս 1990-ական թվականների 2-րդ կեսից: Այդ ժամանակվանից ի վեր ԱՊՀ-ի Գիտասփյուռի ղեկավար Ռոնալդ Փրեսքոթն իր մասնագիտական և անձնական աջակցությունն է ցուցաբերել ԱՄՆ Գյուղ. դեպարտամենտի Մարքեթինգի Աջակցման ծրագրի շրջանակներում վարկային պորտֆելի բարձրացման, աշխատակազմի վերապատրաստման և տեխնիկական ղեկավարման գործում:
Դասընթացը նախատեսված էր հատուկ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անձնակազմի համար և բաղկացած էր լսարանային դասընթացներից և քննարկումներից, ցուցադրական այցերից դեպի տարբեր բանկեր և վարկային միություններ, ինչպես նաև ֆերմերային և գյուղացիական կոոպերատիվներ, որոնք զբաղվում են արտադրանքի արժեքային շղթայի հետ կապված տարբեր գործունեությամբ, այդ թվում՝ արտադրություն, պահպանում, վերամշակում և այլն:
Այցի շրջանակներում ընդհանուր ներկայացվեցին և քննարկվեցին ԱՄՆ-ի գյուղական համայնքները վարկավորող կառույցները, քննարկումներ տեղի ունեցան վարկային ռիսկի գնահատման և մոնիտորինգի, փոխառության ռիսկերի կառավարման գործիքների, ինչպես նաև վարկային կառույցների գործառնական ռիսկերի կառավարման վերաբերյալ:
Մասնակիցները այցելեցին նաև «Ջոն Դիր» ֆինանսական՚ գլխամաս, որը գտնվում է Այովա նահանգում, «Greater Iowa Credit Union», «Story country Bank and Trust», գյուղական բանկ և այլն:
Բացի Այովա նահանգում կայացած հանդիպումներից, կատարվեց նաև եռօրյա այց Չիկագո, Իլինոյի նահանգ, որտեղ կայացան մի շարք հանդիպումներ՝ «Chicago Mercantile Exchange», «Chicago Board of Trade» և «Federal Reserve Bank of Chicago»-ում.
Անձնակազմի կրթությունը և պարբերաբար վերապատրաստումները «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի ռազմավարական պլանի՝ էական նշանակություն ունեցող կարևոր ուղղություններից: Ուստի անձնակազմի կարողությունների զարգացման համար «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն խրախուսում և ապահովում է իր աշխատակիցների մասնակցությունը թե՛ տեղական, թե՛ միջազգային սեմինարներին ու դասընթացներին:
ԱՄՆ-ում անցկացված դասընթացներն անշուշտ արդյունավետ էին «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի անձնակազմի համար և արդյունքներն առավել քան շոշափելի են: