Logo
December 12, 2012

Գյուղատնտեսական սեկտորի զարգացման մեջ մեծ դեր են խաղում գյուղացիական կոոպերատիվները: Հայ ֆերմերները տարբեր ֆինանսավորվող ծրագրերի միջոցով և իրենց համատեղ ջանքերով գրանցեցին կոոպերատիվները:

Գյուղացիական կոոպերատիվներին ֆինանսական ծառայություններ մատուցելու նորարարական մոտեցումն արտացոլված է «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ համագործակցության մեջ:

2011 թ.-ի աշնանը «ՔԱՐԴ Ագրոկրեդիտ» ՈւՎԿ-ն և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ին տրամադրվեց 140 մլն ՀՀ դրամ՝ իրականացնելու ցածր տոկոսադրույքով վարկավորվման ծրագրեր Հայաստանի գյուղացիական կոոպերատիվների համար:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն, ունենալով հարուստ գիտելիք և շփման ցանց ֆերմերային կոոպերատիվների հետ, սկսեց ուսումնասիրել ՋՀՀ-ի կողմից առաջադրված կոոպերատիվների միկրոֆինանսական ներուժը: «Համագործակցություն գյուղացիական կոոպերատիվներին ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով»  առաջին ծրագրի շրջանակներում Արմավիր, Արագածոտն, Արարատ և Վայոց Ձոր մարզերի 17 կոոպերատիվների 404 անդամների հատկացվեցին 11% տոկոսադրույքով միկրոֆինանսական վարկեր: Նշենք նաև, որ տոկոսադրույքի նվազեցումը հնարավոր դարձավ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի աջակցմամբ, որի հետ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն համագործակցում է 2009 թ.-ից սկսած:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի մեծ փորձը գյուղական ֆինանսավորման մեջ թույլ տվեց իրականացնելու 2011-2012 թթ. ժամանակահատվածի համար ՋՀՀ-ի կողմից հատկացված վարկային միջոցների արդյունավետ տեղաբաշխումը հուսալի մեթոդներով և մոտեցումներով:

Այս փուլում հատկացված վարկերն օգտագործվեցին՝ հոգալու ֆերմերների կարիքները  ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ավելացնելու անասնագլխաքանակը, կառուցելու պոլիէթիլենային ջերմոցներ և այլն:

2012-2013 թթ. ժամանակահատվածի համար նոր ծրագիր է սկսվել, որի շրջանակներում 200 մլն ՀՀ դրամի միկրոֆինանսական վարկեր կտրամադրվեն գյուղացիական կոոպերատիվներին: Մոտավորապես 120 մլն ՀՀ դրամի վարկ արդեն հատկացվել է մոտ 150 ֆերմերների, մնացած 80 մլն ՀՀ դրամի տեղաբաշխումը կիրականացվի 2013 թ.-ի հունվարից:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել ֆինանսավորման աղբյուրներ գյուղացիական կոոպերատիվների համար, հիմնել վերջիններիս վարկավորման այնպիսի մոդել, որը կնպաստի կոոպերատիվներում ֆերմերների միջև համագործակցության խրախուսմանը, ինչն էլ հանդիսանում է կարևոր գործոն Հայաստանում կայուն գյուղացիական բիզնեսի զարգացման համար: