Logo
October 18, 2016

Ս.թ․ հոկտեմբերի 14-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում Ազատանի Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի (ԳԱՍԿ) տնօրեն Վարդան Պապոյանի և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև կնքվեց պայմանագիր՝ լիզինգով «Ջոն Դիր» արտադրության  տրակտորի և ռեվերսիվ գութանի  ձեռքբերման վերաբերյալ։ Այս գործարքով անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով հագեցած կենտրոնը ընդլայնում է իր ծառայությունների շրջանակները՝ առաջարկելով գյուղ․ տեխնիկայով ծառայություններ ինչպես Ազատան, այնպես էլ հարակից համայնքների գյուղացիական տնտեսությունների համար։ Նոր ծառայությունը մեծապես նպաստելու է մեքենատրակտորային պարկի թարմացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների վրա ծախսվող ժամանակի խնայողությանն ու աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

«Մենք նմանատիպ ծառայությունների տրամադրում նախատեսում ենք CARD հիմնադրամի կողմից հիմնած այլ ԳԱՍԿ-ներում ևս: Մեր նպատակն է գյուղացիական տնտեսությունների համար  ստեղծել մատչելի պայմաններ, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում արդիականացնել գյուղ. տեխնիկան, ինչն էլ կնպաստի ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացմանը»,-իր ողջույնի խոսքում նշեց «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Պետրոսյանը: Նա նաև ընդգծեց, որ ֆինանսական վարձակալության գործարքն իրականացվում է բավականին կարճ ժամանակահատվածում`մինչև 5 տարի ժամկետով:

Նույն օրը «ՔԱՐԴ» հիմնադրամի կողմից կազմակերպվեց ամերիկյան «Ջոն Դիր», հնդկական «Շաքթիման» և «Ֆիլդքինգ» ընկերությունների  սարքավորումների ցուցադրություն դաշտում՝ հնարավորություն ընձեռելով ֆերմերներին տեղում ծանոթանալու սարքավորման աշխատանքի և կիրառման եղանակներին։ Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզի մի շարք ֆերմերներ: