Logo
August 4, 2016

KfW Բանկի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրի» 2-րդ փուլի շրջանակներում համագործակցության պայմանագիր կնքվեց «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի և «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ի միջև՝ գյուղատնտեսության արժեքային շղթայի ֆինասավորման նպատակով։

Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությանը, որը տեղի ունեցավ ս.թ. օգոստոսի 02-ին, մասնակցում էին «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանը, «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ի տնօրեն Վարուժան Խոդեդանյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը, Գյուղատնտեսության և ՄՓՄՁ վարկավորման փորձագետ Բիզնես և Ֆինանսական խորհրդատվություն (BFC) ընկերությունից, Գերմանահայկական հիմնադրամի տնօրենը, Դարակետր համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանն, ինչպես նաև ֆերմերներ և ներկայացուցիչներ CARD հիմնադրամից:

Ծրագրի իրականացման համար «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի կողմից որպես առաջին կենտրոն ընտրվեց «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ն, որը գործում է Դարակերտի գյուղատնտեսական սպասարկման կենտրոնում: Այն հիմնադրվել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անմիջական աջակցությամբ:

Ինչպես նշեց պարոն Պետրոսյանն իր խոսքում. «Ծրագրի մեկնարկը դրվում է Դարակերտ համայնքում, սակայն մենք նախատեսում ենք ընդլայնել այն, ընդգրկելով Հայաստանի տարբեր մարզերում գործող գյուղատնտեսական սպասարկման կենտրոնները։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի մեր ընկերությանը ընդլայնել իր ծառայությունների շրջանակները՝  ապահովելով վերջիններիս հասանելիությունն ու մատչելիությունը ֆերմերների համար»։

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2014 թվականից ի վեր մասնակցում է KfW բանկի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրի» միջոցների տեղաբաշխման գործընթացին:  Բանկի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրի» 2-րդ փուլի տեխնիկական խորհրդատու BFC ընկերության ներկայացուցիչն իր խոսքում նշեց․«Սա ագրովարկավորման նոր մակարդակ է՝ զրոյից սկսվող տարեկան տոկոսադրույքով և որոշումների տեղում և արագ կայացման հնարավորությամբ»: