Logo
July 7, 2016

Բանկային համակարգում նորագույն տեխնոլոգիաների առաջ բերած փոփոխություններն անսահման են: Բարդ ծրագրերը, արագ զարգացող բանկային ծառայությունները, հաճախորդների բարձր ակնկալիքները, ինչպես նաև շարունակաբար փոփոխվող ֆինանսական իրադրությունը վարկային կազմակերպություններին ստիպում են մշտապես հաղորդակից լինել ոլորտի ժամանակակից միտումներին և ուղղություններին: Ֆինանսական շուկայում մրցակցային էական առավելություն ունենալու համար անհրաժեշտ է անմիջապես ձեռք բերել այն կարևորագույն տեղեկատվությունը, որն առավել արագ և արդյունավետ գործելու հնարավորություն է տալիս: Անձնակազմի պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու եղանակներից մեկը երկար պատմություն ունեցող հանրահայտ համալսարաններից մեկում նրանց կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելն է:

Ստոնիերի բարձրագույն բանկային դպրոցի 2016 թվականի շրջանավարտների շարքում էր «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանը: Հունիսի 9-ին պարոն Պետրոսյանին շնորհվեց բանկային ոլորտի ավարտական դիպլոմ և Վորտոնի համալսարանի առաջնորդության վկայական, ինչը Ստոնիերի բարձրագույն բանկային դպրոցի պահանջներից մեկն է:

Կազմակերպության երկու այլ աշխատակիցներ՝ գործառնական և զարգացման դեպարտամենտի պետ Մանուկ Պետրոսյանը և վարկային թիմերից մեկի ղեկավար Անի Սարգսյանն ուղեկցում էին նրան: Մանուկ Պետրոսյանն այժմ սովորում է 2-րդ կուրսում, իսկ Անի Սարգսյանն ընդունվել է այս տարի:

Անին մեծ ոգևորությամբ է ընդունել առաջատար և հեղինակավոր բանկային դպրոցներից մեկում ժամանակակից գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու եզակի հնարավորությունը: Մեր կազմակերպության համար կին աշխատակիցներին կառավարման ոլորտում ներգրավելն առաջնային պայման է: «Ինձ համար մեծ պատիվ է լինել Ստոնիերի բարձրագույն բանկային դպրոցի ուսանող: Բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված անձնակազմը, մանրակրկիտ մշակված ծրագիրը և փորձառու դասընկերները հիանալի միջավայր են ստեղծում նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև խմբային աշխատանքներում և անհատական հանձնարարությունների մեջ դրանք կիրառելու համար: Ես պատրաստ եմ ձեռք բերած հմտություններս օգտագործել իմ առօրյա աշխատանքում և անհամբերությամբ եմ սպասում նորանոր փորձությունների ու գիտելիքների»,- ասում է Անին:

Ունենալով ապագայում ամենից հաջողակ ֆինանսական հաստատություններից մեկը դառնալու տեսլական՝ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն մտադիր է այս արժեքավոր փորձը վերածել հիանալի ավանդույթի: