Logo
October 18, 2017

 

2017 թվականի սեպտեմբերի 27-ին «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության միջև կնքվեց հերթական հուշագիրը, որը մեկ անգամ ևս ամրապնդեց պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության հիմքերը և նշանավորեց գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրի մեկնարկը:

Ծրագիրն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում վարկավորման մատչելիության մակարդակի բարձրաձմանն ու արդյունքում տնտեսվարողների կարողությունների ընդլայնմանը: Ծրագրի շրջանակներում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկերը կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության դրամով, առավելագույնը 12 % անվանական տոկոսադրույքով՝ 3-10 մլն դրամ գումարի սահմաններում, մինչև 5 տարի ժամկետով, իսկ վարկի հետ կապված ծառայու­թյունների համար այլ վճարներ, ինչպիսիք են կանխիկացման ու սպասարկման վճարը, միջնորդավճարները և այլն չեն գանձվի: ՀՀ կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքի 7-9%-ը: 9%-ը կգործի ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, քանզի պետությունը մշտապես փորձում է լրացուցիչ արտոնյալ պայմաններ ապահովել վերջիններիս համար: Արդյունքում վարկառուների կողմից վճարվող տոկոսաչափը կկազմի 5-3% համապատասխանաբար:

Հավատարիմ մնալով իր ռազմավարությանն ու առաքելությանը՝ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն նշված ծրագրի իրականացմամբ փորձելու է նպաստել գյուղական հա­մայնքների ամրապնդ­մանը, գյուղա­կան բնակչության կենսապայ­մանների ու կյանքի որակի բարելավմանը՝ հնարավորություն ընձեռելով ընդլայնելու գյուղատնտեսությունում տնտեսավարող­ների կարողությունները, բարձրացնելու ոլորտի մրցու­նակությունը՝ խթանելով ագրոպարենային ոլորտի երկարաժամկետ զարգացումն ու ապահովելով կայուն, կանխատեսելի և բարենպաստ բիզնես միջավայր:

Հարկ է նշել, որ ծրագիրն ընդգրկելու է ՀՀ ողջ տարածքը և ֆինանսներն ուղղվելու են ագրոպարենային ոլորտի բոլոր բաղադրիչների համար: