Logo
November 19, 2018

Երկրի անվտանգությունը սկսում է սահմանից, իսկ սահմանի անվտանգության գրավականներից մեկը սահմանամերձ գյուղերի բնակեցվածությունն ու բարօրությունն է: Թերևս սա է պատճառը, որ մեր ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի մեծամասնությունը կենտրոնանում է հենց սահմանամերձ գյուղերի վրա: Այս տարին հոբելյանական էր մեզ համար՝ լրանում էր ընկերության հիմնադրման 10-ամյակը: Բազում տեսակետներ հնչեցին հոբելյանն ըստ արժանվույն նշելու վերաբերյալ, սակայն, ի վերջո, ընկերության տնօրենությունը կանգ առավ մի կարևոր որոշման վրա՝ հոբելյանը նշանավորելու ենք բարեգործությամբ և վերանորոգելու ենք սահմանամերձ Տավուշ գյուղի դպրոցի ճաշարանը:

Մեծ էր գիտակցումը, որ կարևոր նախաձեռնություն ենք ձեռնարկել, սակայն իրական արժեքը մեր որոշման զգացինք տեղում, երբ գնացել էին ճաշարանի բացմանը մասնակցելու: Երեխաները մեզ դիմավորեցին աղ ու հացով, երգ ու պարով, և հնարավոր չէ նկարագրել այն հուզմունքը, որը պատել էր մեզ երեխաների պարզ ու ջինջ, շնորհակալ հայացքները տեսնելուց հետո: Հատկանշական է, որ նախաձեռնությունը համընկավ դպրոցի 130-ամյա հոբելյանի հետ, և մենք, մեր ուժերի սահմաններում, մշտապես սատարելու ենք այս և նմանատիպ այլ կառույցներին և անելու ենք ամեն ինչ՝ տարիների պատմություն ունեցող և թշնամու կրակի տակ առ այսօր կանգուն մնացած սահմանամերձ գյուղերի հարատևությունը երաշխավորելու նպատակով: